Mouradian. նոր անուն անծանոթ շուկայում

Նոր 2019 թվականը արդեն ընկել է իր հունի մեջ և աշխատանքային նորություններն ու նոր պրոյեկտները ևս սպասեցնել չեն տալիս: Իսկ ոգևորիչն այն է, որ նոր պրոյեկտներ են ծնվում հատկապես դիզայնի բնագավառում, այն էլ միջազգային մակարդակի:

Վերջերս պատիվ ունեցանք զրուցել ինտերիեր դիզայներ Աննա Մուրադյանի հետ, ով նոր, բայց արդեն ամուր և հստակ քայլեր է անում իր համար միանգամայն նոր՝ զարդերի բնագավառում: Սակայն զրույցի ընթացքում բացահայտեցինք, որ Աննան ունի հագուստի մոդելավորման մասնագիտական կրթություն, ինչն էլ օգնել է նրան կատարել այդ ընտրությունը:

Խոսելով Mouradian բրենդի մտահաղացման և ոգեշնչման աղբյուրի մասին, Աննան կիսվեց, որ վերջին շրջանում աշխատանքի բերումով շատ հաճախ է ճամփորդել դեպի Դուբայ և տպավորվելով տեղի կանանց զարդերի նկատմամբ վերաբերմունքով և դրանք կրելու մշակույթով, որոշել է ստեղծել զարդերի հատուկ շարք դրանք գնահատող կանանց համար:

Շարունակելով Աննան ավելացրեց, որ չափազանց հիացած էր նրանով, թե ինչպես են կարևորում արաբ կանայք զարդերի խորհուրդը, մետաղների և բյուեղների նշանակությունը և երբեք պատահական զարդ չեն կրի: Եվ հենց այդ նուրբ մանրուքն է գրավել նրան, քանի որ աշխատելիս միայն չի ստեղծագործում, այլ փորձում է հասկանալ կնոջ հոգեբանությունն ու մշակույթը:

Պատմելով հետագա անելիքների մասին՝ դիզայները նշեց, որ սկզբնական շրջանում զարդերը ցուցադրված կլինեն միայն Դուբայում և Աբու Դաբիում, իսկ հետագայում նաև կմտածի հայկական և եվրոպական շուկաների մասին:

Դե ինչ, սպասենք նորությունների:

 

 

Լուսանկարիչ՝ Մարգարիտա Ավետիսյան

Հագուստ՝ FAINA

Սրահ՝ VANITAR

You May Also Like