5 տարածված սխալ ռեստորանային բիզնեսում. Մարինա Սանդոյան

 

«Yerevan Food Fest» փառատոնին ընդառաջ փառատոնի գործընկեր և մասնագիտական խորհրդատու «Sandoyan Management Consulting» ընկերության տնօրեն Մարինա Սանդոյանը զրուցում ենք Երևանյան ռեստորանային շուկայի ամենատարածված ու ակնհայտ սխալների մասին։

Գաղտնիքի չէ, որ ռեստորանային բիզնեսի հաջողությունը ոչ միայն գեղեցիկ ու տրամադրող ինտերիերի, որակյալ երաժշտության և համադամ ուտեստների մեջ է, այլ առաջնահերթորեն սպասարկման որակի մեջ։ Համաձայնեք, որ չստանալով բարեհամբույր և հյուրընկալ սպասարկում քիչ է հավանականությունը, որ հաճախորդը դարձյալ կցանկանա վերադառնալ։

Ներկա դրությամբ Հայաստանում, իրավամբ, շատ քիչ են <<ՀոՌեԿա>> ոլորտի ներկայացուցիչները, որոնք իսկապես բարձրորակ և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող սպասարկում են ապահովում։

Սխալները բազմաթիվ են, բայց կուզեի առանձնացնել դրանցից մի քանիսը, որոնք առավել հաճախ են հանդիպում ռեստորանային բիզնեսում․

 

1․ Հաճախորդի սպասարկումը սկսվում է դռան մոտ և հենց պարզ ու հասարակ, բայց հյուրընկալ ու ժպտադեմ <<Բարև ձեզ>>-ից։ Պետք չէ մոռանալ դիմավորել, ողջունել և ուղեկցել այն անձին, ով ձեր հյուրընկալ հարկի ներքո իր ժամանցն անցկացնելու համար վճարելու է գումար և ստեղծելու է ձեր բիզնեսը զարգացնելու նախադրյալներ։

2․Կեղտոտ սպասք, մենյու, սփռոց, կահույք․․․չմոռանանք, որ գործ ունենք սննդի հետ, և, չանտեսելով հարցի էսթետիկ կողմը, նաև մարդու առողջության հետ։ Չի կարելի մատներով դիպչել բաժակի վերին շուրթին կամ սպասքի այն հատվածին, որն անմիջականորեն շփում պետք է ունենա սննդի հետ։

3․ Դժգոհ դեմքով հաճախորդից պատվեր ընդունելը, հաճախորդի նախասիրությունների նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտելը։ Նույնիսկ եթե հաճախորդը պատվիրում է մեկ սուրճ, պետք չէ քամահրանքով կրկնել <<ընդամենը մեկ սու՞րճ>>։ Պետք է հիշել, որ ժպիտով մատուցված մեկ սուրճն այսօր, վաղը կարող է ճոխ ընթրիքի վերածվել ու հենց այդ ռեստորանում։

4․Ոչ պարկեշտ վարքագիծն ու պաշտոնականի սահմաններն անցնելը՝ հաճախորդին դիմելով <<դու>>-ով և ընկերական խոսելաոճով։

5․Ամբողջ մենյուին ծանոթ չլինելն ու առաջարկներ չունենալը։ Հաճախորդին պետք է ոչ միայն հրամցնել ուտեստը, այլ դառնալ նրա ուղեկիցն ու խորհրդականը, եթե նա ունի դրա կարիքը։

Եվ ամենակարևորն ու առաջնայինը՝ չմոռանալ բաց ու անկեղծ ժպիտի մասին։

 

You May Also Like