«Սրճային դադար» Լիլիթ Հակոբիից

Եվ կրկին կիրակի… հերթական անգամ այն իր հետ բերել է նոր բաղադրատոմս :
Բարև: Լույսը վաղուց բացվել է, բայց վստահաբար շատերը դեռ շարունակում են մնալ մահճակալում և վայելել իրենց կիրակնօրյա հանգիստը:
Թե մեզ` վաղ արթնացողներիս, թե «բուերի» համար օրվա կարևորագույն և, թերևս ամենաբարդ, պրոցեսը օրգանիզմը լիարժեք արթնացնելն է:
Հաճախ օգնության է գալիս դարերով հայտնի «սթափեցնող» սուրճը: Ոմանք բավարարվում են առավոտյան բաժին հասած մեկ գավաթ սուրճով, ոմանք էլ օրը չեն պատկերացնում առանց մի քանի «սրճային դադարի»:
Դե իսկ սև և լուծվող սուրճի սիրահարների հակամարտող թիմերի մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ «Ճաշակին ընկեր չկա»:
Ինքս երբեք չեմ եղել սուրճ խմող, ասեմ ավելին` շատ դեպքերում անգամ սուրճի բույրից գլխացավ է առաջացել: Ամեն ինչ փոխվեց մայրանալուց հետո: Երբ անքուն գիշերները օր-օրի ամրապնդում էին հոգնածությունն ու սթափ լինելու անկարողությունը: Նույնիսկ ինձ պես թեյասերը հանձնվեց 🙂
Այսօր կներկայացնեմ ֆրանսիական ծագում ունեցող «սուրճ-գլիսսե»- ն, չնայած, որ մինչ օրս վիճաբանությունները շարունակվում են, քանի որ հետազոտողների զգալի մաս հակված է այն մտքի, որ «գլիսսե»- ն առաջին անգամ պատրաստել է ավստրիացի մի բարմեն, ով սիրված հաճախորդին չմերժելու համար, երբ վերջինս պատվիրել էր կապուչինո, կաթը փոխարինել է պաղպաղակով:
Ստորև կցված տեսա-բաղադրատոմսում կարող եք հետևել «սուրճ-գլիսսե» ըմպելիքի պատրաստման ընթացքին: Չմոռանաք գրանցել բաղադրիչների չափաբաժինները:
լուծվող սուրճ — 2 թ.գդ.
սև սուրճ — 1 սրճ. բաժակ (արդեն եփված)
շաքարավազ — ըստ ցանկության
պաղպաղակ — 100 գր.
քերած սև շոկոլադ և իմ հավելումը այս ըմպելիքին խտացրած կաթն է` ըստ ցանկության:

Instagram — the_foody_mood

You May Also Like