5 ՀԱՐՑ ՌԵՍՏՈՐԱՆԱՏԻՐՈՋԸ. Cactus

Սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի կունենա ուտեստների առաջին փառատոնը՝ «Yerevan Food Fest» (by «Hartak»)։

Միջոցառմանն ընդառաջ փառատոնի թիմը «5 հարց ռեստորանատիրոջը» խորագրի շրջանակներում մասնակիցների հետ զրուցում է ռեստորանային բիզնեսի, դրա զարգացման, դժվարությունների ու հաղթանակների, նաև` փառատոնի կարևորության մասին ։

Այս անգամ մեր հարցերին պատասխանում է Cactus ռեստորանի տնօրեն Աշոտ Մարգարյանը։

  1. Որո՞նք էին այն դժվարությունները, որոնց բախվեցիք ռեստորանը հիմնդրելիս։ Արդյո՞ք դա բնորոշ է միայն Հայաստանին

 

Չեմ կարող ասել, որ դրանք դժվարություններ են, բայց ամեն դեպքում կարծում եմ յուրաքանչյուր նոր նախագծի համար շատ կարևոր է ընտրել բրենդը ճիշտ մատուցելու ձևը, որը կօգնի մտնել շուկա, իսկ արդեն մտնելուց հետո այն ամուր պահպանել` մրցակցությունից չվախենալով:

Մեր դեպքում ևս, բացվելով 2000 թվականին, կարողացանք ճիշտ ուղու վրա դնել ռեստորանը, պահպանելով և չփոփոխելով ոճն ու ինքնատիպությունը:

 

  1. Ինչպիսի՞ չափանիշներով եք առաջնորդվում անձնակազմը ընտրելիս։ Դուք ինքնե՞րդ եք ընտրում ձեր աշխատակիցներին, թե վստահում եք այդ գործը այլ մասնագետների։

Անձնակազմը ընտրելիս մեզ համար գլխավոր չափորոշիչներից են աշխատակցի մարդկային տեսակն ու հատկանիշները, թիմային ոգով աշխատելու ձգտումն ու ցանկությունը, որից հետո արդեն աշխատանքային փորձն ու գիտելիքները, քանզի մենք միշտ պատրաստ ենք օգնել աշխատակցին սովորել և փորձ ձեռք բերել, իսկ մարդկային հատկանիշները դժվար է սովորեցնել, դրանք կամ կան, կամ ոչ: Կարող եմ ասել, որ մեզ մոտ ստացվում է ընտրել ճիշտ թիմ, որի մասին վկայում են բազում աշխատակիցները, որոնք արդեն տարիներ շարունակ մեզ հետ:

Ինչ վերաբերում է նոր աշխատակիցներ ընտրելուն ապա, նշեմ, որ ունենք աշխատակիցներ, ում վստահում եմ այդ գործը, բայց ինքս անպայման զրուցում եմ յուրաքանչյուր նոր աշխատակցի հետ, ում պետք է ներգրավենք Կակտուսի թիմ:

 

  1. Ազատ ժամանակն ու ռեստորանային բիզնեսը արդյո՞ք համատեղելի են:

 

Կարող եմ ասել, որ ոչ: Քանզի ռեստորանը վերահսկելը մեծ ժամանակ, եռանդ և ջանքեր է պահանջում: Իսկ ազատ ժամանակը ևս վատնում ես ռեստորանում:

 

  1. Ի՞նչ խորհուրդ կտաք նրան, ով պատրաստվում է Երևանում ռեստորան բացել։

Լինել յուրօրինակ և տարբերվող, ներկայանալ որևէ նոր առաջարկով, քանի որ ռեստորանները, սննդի կետերը Երևանում արդեն իսկ շատ են, շատերը բացվում և փակվում են աննկատ: Պետք է նորություն և թարմություն:

 

  1. Ինչու՞ եք մասնակցում Yerevan Food Fest-ին և ի՞նչ եք ներկայացնելու փառատոնի հյուրերին։

 

Ընդհանուր առմամբ մենք միշտ ակտիվ ենք, փորձում ենք ներկայանալ յուրաքանչյուր հետաքրքիր և լավ կազմակերպված միջոցառմանն ու փառատոնին: Yerevan Food Fest-ին մասնակցում ենք, քանզի կարծում ենք, որ նման փառատոնները օգնում են հանրությանը ծանոթանալ այն սննդի կետերին, որոնք կան մեր քաղաքում. Մասնակցում ենք քանզի կարծում ենք, որ մեր ռեստորանը միշտ ասելիք ունի և միշտ կողմ ենք երևալ ցանկացած գովազդային հարթակներում, իսկ այս փառատոնի շրջանակներում այդ հնարավորությունը բավական մեծ է:

You May Also Like