5 ՀԱՐՑ ՌԵՍՏՈՐԱՆԱՏԻՐՈՋԸ. PUB 37

5 ՀԱՐՑ ՌԵՍՏՈՐԱՆԱՏԻՐՈՋԸ

Սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի կունենա ուտեստների առաջին փառատոնը՝ «Yerevan Food Fest» (by «Hartak»)։

Միջոցառմանը ընդառաջ փառատոնի թիմը մասնակից ռեստորանատերերի հետ զրուցում է ռեստորանային բիզնեսի, դրա զարգացման, դժվարությունների ու հաղթանակների մասին, ինչպես նաև փառատոնի կարևորության մասին «5 հարց ռեստորանատիրոջը» խորագրի շրջանակներում։

Մենք զրուցում ենք փաբի տնօրեն/սեփականատեր Կարինե Բոտոյանի հետ.

 

  • Որո՞նք էին այն դժվարությունները, որոնց բախվեցիք ռեստորանը հիմնադրելիս։ Արդյո՞ք դա բնորոշ է միայն Հայաստանին։

— Հաջողությունը միշտ հաջորդում է դժվարությանը, իսկ Հայաստանում ցանկացած փոքր հարց հեշտությամբ  վերածվում է դժվարության: Բայց, եթե կարողանում ես համառորեն այդ դժավությունները հաղթահարել, ապա հասնում ես այդքան սպասված հաջողությանը: Պարզապես պետք է սիրով մոտենալ գործին, տրամադրվել միայն դրական և շարունակել պայքարել:

 

  • Ինչպիսի՞ չափանիշներով եք առաջնորդվում անձնակազմը ընտրելիս։ Դուք ինքնե՞րդ եք ընտրում ձեր աշխատակիցներին, թե վստահում եք այդ գործը այլ մասնագետների։

Աշխատակիցներին ընտրում ենք ինքներս: Սպասարկող անձնակազմ ընտրելիս գիտելիքի կամ աշխատանքային փորձի վրա շեշտ չենք դնում, այլ կարևորում ենք անձի շփվելու ունակությունը, ուրախ և ժպտերես լինելը, ինչպես նաև ազնիվ և ուշադիր լինելը, իսկ մնացածը մենք տեղում սովորեցնում ենք: Իսկ ահա խոհարար ընտրելիս շատ պրպտող ենք, քանի որ այս հարցում մեզ բավարարող չափանիշների ցանկը շատ մեծ է: Ամենակարևորներից է՝ խոհարարը պետք է ունենա շատ «համով ձեռք», լինի գերարագ և ապահովի կայունություն: Այս ամենի հետ մեկտեղ մենք պետք է զգանք, որ աշխատակիցը սիրով է անում իր աշխատանքը և սիրում է մեր փոքրիկ ընտանքիը՝ «PUB 37»-ը:   

 

  • Ազատ ժամանակն ու ռեստորանային բիզնեսը արդյո՞ք համատեղելի են։

Իհարկե ո՛չ: 🙂 Եթե ցանկանում ես ապահովել որակ և լինել մրցունակ, ապա անդադար պետք է հետևես բոլոր մանրուքներին, մշտապես փորձես կատարելագործվել և բնականաբար մատուցել հետաքրքիր նորություններ — դա պետք է լինի թե՛ ուտեստների և խմիչքների տեսքով, թե՛ մթնոլորտի: Իսկ ազատ ժամանկն արդեն ինքնստինքյան օգտագործվում է վերոնշյալ գաղափարն ի կատար ածելուն: Անգամ ճանապարհորդելիս փորձում ես նոր գաղափարներ հայթայթել:

 

 

  • Ի՞նչ խորհուրդ կտաք նրան, ով պատրաստվում է Երևանում ռեստորան բացել։

Մի՛ բացեք… առանց այդ էլ շատ-շատ են… :-))))

 

  • Ինչու՞ եք մասնակցում Yerevan Food Fest-ին և ի՞նչ եք ներկայացնելու փառատոնի հյուրերին։

Մասնակցության պատճառները շատ են. հանրությանը մի փոքր այլ ֆորմատով ներկայանալը,  մեր աշխատակիցներին ամենօրյա աշխատանքին հետաքրքրություն փոխանցելը, և առհասարակ դրական լիցքեր ստանալը: Նախորդ տարի մասնակցել էինք «Hartak» փառատոնի խոհարարական բաժնում, որը շատ հետաքրքիր անցավ և մեր մասնակցությունը միայն դրական ազդեցություն ունեցավ ընդհանուր մեր գործունեության վրա: Այս տարի փառատոնի ընթացքում կներկայացնենք մեր գարեջրերից որոշ տեսակներ, որոնք Հայաստանում միայն մենք ենք ներկայացնում: Հետաքրքիր ձևով կփորձենք ներկայացնել մեր ուտեստներից որոշ բաներ, այդ թվում գրիլի վրա պատրաստված սթեյքեր, կլինեն սենդվիչներ և բուրգերներ և այնպիսի ուտեստներ, որոնք ոտքի վրա հեշտ կարելի է համտեսել:  

You May Also Like